Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Սոչիում նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ՌԴ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպման: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հաստատել էր լուրը՝ հայտնելով, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթաժողովը պատրաստվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոկտեմբերի 29-ին՝ «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարում ունեցած ելույթում անդրադարձել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Նա նշել է, որ պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որով ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում առանց պայմանների կերկարացվի: Փաշինյանի խոսքով՝ իրականության հետ կապ
չունեն այն խոսակցությունները, թե կա խաղաղության պայմանագրի երկու ծրագի՝ արևմտյան և ռուսական, և հայկական կողմը մերժում է ռուսական առաջարկը։ Փաշինյանը հաստատել է, սակայն, որ Արցախի հարցում կան ռուսական և արևմտյան ընկալումներ, և ՀՀ-ն համաձայնել է ռուսական ընկալման հետ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, իհարկե, պետք է, և
Ռուսաստանն աջակցում է խաղաղ կարգավորմանը։ Նա նշել էր, որ հայ ժողովուրդն ու ղեկավարությունը պետք է ընտրեն, թե որ տարբերակն է իրենց պետք, սակայն ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի խաղաղության, ընդունելի կլինի իրենց համար։ «Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել: Եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, ինչքան գիտեմ, վաշինգտոնյանը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ»,- ասել էր Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ը կսատարի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։