77 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում հայտնել է նրա որդին՝ Սուրեն Շահվերդյանը՝ գրելով. «Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։ Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի :
Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը: Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել: Կհանդիպենք երկնքում ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»: Վահե Սուրենի Շահվերդյանը ծնվել է 1945 թվականին, Կիրովականում, «ռեժիսորական ներկայացումների» բեմադրիչ
է, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ։ Բեմադրիչ, հաղորդավար Սուրեն Շահվերդյանի հայրն է։ 1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի մոտ)։ 1973-1996 թվականներին եղել է Վանաձորի դրամատիկական թատրոն գեղարվեստական ղեկավար։ 1992 թվականից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1994-1998 թվականներին՝
ռեկտոր, 2003 թվականից պրոֆեսոր, 1996-2008 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։ ՀՀ Աժ պատգամավոր՝ 1995-1999 թվականներին։ 2008 թվականից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Աշխատում է ԵԹԿՊԻ-ում, ինչպես նաև ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում։ Վահե Շահվերդյանը ութսունհինգ բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը հաջողությամբ
ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում։ Շահվերդյանի լավագույն ներկայացումը համարվում է Ա. Չեխովի «Երեք քույր» ներկայացումը և ինքնատիպ աշխատանք է համարվում նաև Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի աղջիկները» դրաման, որտեղ անսամբլային դերակատարման շնորհիվ ներկայացումը հաջողություն գրանցեց, իսկ ինքնատիպ դերակատարումով առանձնացավ և «Վահագն» մրցանակի արժանացավ Պոնսիայի դերակատար, Հայաստանի վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Գրետա Մեջլումյանը։