Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև․
Մեկ ամիս է՝ ՀՀ-ում վարժական հավաքներ են իրականացվում։ Ահազանգեր են ստացվում, որ ծանուցում ստանում են բացառապես անապահով ընտանիքների տղամարդիկ։ ՀՀ ՊՆ մամուլի
քարտուղար Արամ Թորոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները կազմակերպվում և անց են կացվում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 13-րդ գլխում սահմանված նորմերին համապատասխան: «Մասնավորապես՝ նշված օրենքի 59-րդ հոդվածը սահմանում է պահեստազորում հաշվառված քաղաքացիներին վարժական
հավաքների կանչելու կարգը և ժամկետները: Վերոնշված իրավակարգավորումներով, ինչպես նաև ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված նորմերի համաձայն քաղաքացիների ներգրավումը վարժական հավաքներին կազմակերպվում է՝ հաշվի առնելով նրանց զինվորական հաշվառման մասնագիտությունները, պահեստազորում հաշվառման խումբը և կարգը, ինչպես նաև առողջական վիճակը: Վարժական հավաքներին քաղաքացիների ներգրավումն
իրականացվում է վերոնշված իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխան»,-նշեց Թորոսյանը։ Կառավարությունը նախատեսում է պահեստազորի համար անցկացվող եռամսյա վարժական հավաքների ժամկետը կրճատել՝ հասցնելով 25 օրվա։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ սա հնարավորություն կլինի կամավորության սկզբունքով նաև անցնել վարժական հավաքը այն իմաստով, երբ քաղաքացին ինքը կորոշի, թե տարվա
ընթացքում որ ժամանակահատվածում կկարողանա ներկայանալ։ «Մեր նպատակը հետևյալն է՝ մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25-ը՝ կազմակերպական հատվածը նաև ապահովելու համար։ 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն։ Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք և առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, բայց դա լինում է պարտադիր՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար»,-ասել է նախարարը։ Արամ Թորոսյանը նաև նշեց, որ վարժական հավաքի նախագիծը դեռ դրված չի շրջանառության մեջ։ Հարցին՝ բողոքներ այս ընթացքում ՊՆ-ն ստանո՞ւմ է վարժական հավաքների հետ կապված, Թորոսյանը ասաց, որ բոլոր ահազանգերը պատշաճ ուսումնասիրվում են։
Տեսանյութը՝